«168 ժամ» թերթը գրում է. «Մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրան հետեւեցին տարբեր մարզպետների, ՏԻՄ ղեկավարների հայտարարություններն ու ակտիվ աշխատանքը՝ հայտարարված երթին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու առումով։ Նույնիսկ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ որոշ գործարարներ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, իր բիզնես-ընկերությունների ղեկավարներին հրահանգել է ապահովել աշխատակիցների մասնակցությունն այդ երթին։
Փետրվարի 27-ին Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երեւան շարժվող քայլերթը: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Հանրահավաքին միանալու նախաձեռնությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում մարտի 1-ին երթին մասնակցել ցանկացող քաղաքացիներին հայտարարեց մեքենաներով Վանաձորից մայրաքաղաք տեղափոխելու նախաձեռնության մասին․
«Հարգելի լոռեցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մարտի 1-ին Երեւանում կմեկնարկի քաղաքացիական մեծ երթ՝ նվիրված 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցին:
Երթն ընդդեմ քաղաքական բռնության, ընտրակեղծիքների եւ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու իշխանության հաղթանակի է:
Սա եւս մեկ առիթ է միակամություն դրսեւորելու ու 11 տարի առաջ այդ օրը զոհվածների հիշատակը հարգելու համար: Քաղաքացիական երթը մեկնարկելու է 18:30-ին Երեւանի Ազատության հրապարակից: Այն լոռեցիները, որոնք ցանկանում են միանալ երթին կամ աջակցել Երեւան մեկնել ցանկացողներին՝ նրանց իրենց մեքենաները տրամադրելով Երեւան տեղափոխվելու համար, մարտի 1-ին 16:00-ին հրավիրում ենք հավաքվելու Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում: Լոռու մարզի այլ համայնքներից երթին մասնակցել ցանկացողները կարող են մեզ միանալ Վանաձոր-Երեւան մայրուղու տարբեր հատվածներում»,- գրել էր նա:
Ըստ ՏԻՄ մասնագետների՝ մարզի պաշտոնական կայքում նման քաղաքական միջոցառման մասին հայտարարության տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այդպիսով, իշխող քաղաքական ուժը պետական միջոցներն օգտագործում է իր քաղաքական խնդիրները լուծելու համար։ Մարդիկ՝ աշխատանքը չկորցնելու վախով պայմանավորված, անկախ իրենց կամքից եւ ցանկությունից, մասնակցելու են իշխանությունների ինչ-ինչ նպատակներով կազմակերպված միջոցառմանը, որովհետեւ հրահանգ է իջել վարչապետից՝ հնարավորինս շատ մարդկանց ներկայություն ապահովել։
Երբ նախկին իշխանությունները որեւէ միջոցառման կազմակերպված ձեւով եւ հրահանգավորված ապահովում էին մարդկանց քանակությունը՝ նախկին ընդդիմություն հանդիսացող եւ այսօրվա իշխանությունները սուր քննադատությունների էին ենթարկում։
Այսօր նրանք ոչ միայն նույն ձեռագիրն են կիրառում, ավելին, պաշտոնական կայքերով եւ սոցցանցերով մարզպետների մակարդակով հայտարարություններ են տարածում։
Օրվա հոգսերի մեջ կքված քաղաքացին, եւ գարնանացանի խնդիրներով ապրող գյուղացին այդ օրը պետք է բան ու գործ թողնի եւ մասնակցի իշխանությունների կողմից ինչ-ինչ հետին նպատակներով կազմակերպվող քաղաքական ակցիային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























