Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ ուշ գիշեր կալանավորման որոշում է կայացրել բժշկական հաստատություններին հեմոդիալեզի պարագաների մատակարարման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորուոյունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։ Նա նշեց, որ դեռեւս իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի կապակցությամբ, քանի որ այն հասկանալի չէ։
Հիշեցնենք, որ բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը գործի վերաբերյալ որեւէ տվյալ չի ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հեմոդիալիզի պարագաների մրցույթի գործով ԱԱԾ–ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Կարապետյանը։ Նրա հայրը՝ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ որդին հարցաքննվել է վկայի կարգավիճակով: ԱԱԾ–ում ամենայն հավանականությամբ քրեական գործ է հարուցվել «Հետք» կայքում հրապարակված «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայքի՝ հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երեւանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել եւ այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում։





























