Հայաստանի նախկին իշխանությունների օրոք քաղաքացիների իրավունքները համատարած խախտվում էին, սակայն երկրի քաղաքական իրողություններում փոփոխություններ են կատարվել, եւ սա անհրաժեշտ է համապատասխան կերպով գրանցել: Փետրվարի 28-ին Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա ԱԺ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ մինչ հեղափոխությունը իշխող նախկին ռեժիմը ավտորիտար էր, եւ երկրում քաղաքացիների իրավունքները համատարած խախտվում էին: Սրա հետ կապված պատգամավորն առաջարկեց ՔԿՀ-ներում, մասնավորապես՝ «Նուբարաշենում» մեկուսացման մեջ գտնվելու մեկ օրը հավասարեցնել 1,5 օրվա, քանի որ «բանտարկյալներին պահել են անմարդկային պայմաններում, եւ նրանց քաղաքացիական իրավունքները դաժանորեն խախտվել են»: Խորհրդարանականի հավաստիացմամբ՝ այս առաջարկը նաեւ այլ նպատակ է հետապնդում, իսկ հատկապես՝ երկրում ՔԿՀ-ների բեռնվածության նվազեցման: Քաղաքական գործչի պարզաբանմամբ՝ ինքը չի պատրաստվում առաջարկել քողարկված համաներում, այն օգտագործել նաեւ հետագայում, այլ կիրառել այն բանտարկյալների նկատմամբ, որոնք արդեն ճաղավանդակի հետեւում են:
Դրանից բացի, Մարուքյանը մտահոգություն հայտնեց՝ կապված այն հանգամանքի հետ, որ նոր իշխանության օրոք Ոստիկանությունը, փաստորեն, կշարունակի խորհրդարանին հաշվետու չլինել, ինչն առաջ է քաշում նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի առաջարկությունը բավական բացասական արձագանք գտավ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորների շրջանում։ Նրանք, մասնավորապես, անհանգստություն հայտնեցին՝ կապված այն բանի հետ, որ «նոր համաներումը» կարող է տարածվել նաեւ այն անձանց վրա, որոնք դատապարտվել են ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների համար, եւ Մարուքյանին հավաստիացրին, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկների որեւէ գերծանրաբեռնվածություն չկա։
Էդմոն Մարուքյանի ելույթը տարակուսանքի մեջ գցեց նաեւ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Նրան, մասնավորապես, դուր չէր եկել այն հայտարարությունը, թե այս օրինագիծը հետապնդում է բացառապես մարդասիրական նպատակ, իսկ Հայաստանի կառավարությունը եւ իշխող խորհրդարանական ուժը հակառակվում եւ խանգարում է դրա ընդունմանը։ «Այս դիրքորոշումը չի համապատասխանում իրականությանը։ Պարոն Մարուքյան, ինչո՞ւ եք կարծում, թե միակն եք, որ մարդասիրական նպատակներ եք հետապնդում։ Ուզում եք բոլորին ցուցադրել, որ դուք «լա՞վն» եք, իսկ մենք, ուրեմն, «վա՞տը»։ Ես չուզեցի առանձնապես խառնվել այս բանավեճին, բայց չեմ կարող լռել եւ պետք է արտահայտեմ իմ դիրքորոշումը»,- դժգոհեց Վարդանյանը։
Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի այս անսպասելի արտահայտությունն, իր կողմից, առաջ բերեց Մարուքյանի տարակուսանքը, որն ասաց, որ բնավ դա նկատի չուներ։
Համենայնդեպս, օրինագիծը բացասական եզրակացություն ստացավ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ «Կողմ» քվեարկեց 5, «դեմ»՝ 9, «ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Մինչ այդ այն ստացել էր կառավարության բացասական եզրակացությունը։





























