Վենեսուելայի Կենտրոնական բանկը հինգշաբթի Կարակասում բացել է արժույթի փոխանակման առաջին 2 կետերը, որտեղ ցանկացած մարդ կարող է շուկայական փոխարժեքով արտասահմանյան արժույթ գնել ու վաճառել: Սա փաստացի նշանակում է, որ երկրում գործող դոլար ձեռք բերելու բազմամյա արգելքը չեղյալ է հայտարարվել, հայտնում է AVN գործակալությունը:

Երկրի ԿԲ ղեկավար Խոսե Մորալեսը հայտնել է, որ իր բանկն առաջինն է, որ բացել է արժույթի փոխանակման կետեր, բայց մոտ ժամանակում դա պետք է անեն մյուս բանկերը եւս: Հաջորդ շաբաթ կետեր կբացվեն Միրանդա, Սուլիս, Լարա, Տաչիրա, Ֆալկոն, Արագուա, Անսոատեգի, Բոլիվար, Սուկրե, Նուեւա-Էսպարտա եւ Վարգաս նահանգներում:

Մորալեսի խոսքով՝ հիմա վենեսուելացիները կարող են ազատորեն արժույթ գնել եւ վաճառել DICOM պաշտոնական փոխարժեքով, որն այժմ հավասարվել է «սեւ» շուկայի փոխարժեքին, որից նախկինում մի քանի անգամ հետ էր մնում:

Վենեսուելայում 2003 թվականից բոլոր արժութային գործարքները պետության խիստ վերահսկողության տակ էին: Արդյունքում սա հանգեցրել էր «սեւ շուկայի» փոխարժեքի հաստատմանը:

Սակայն ԿԲ պարզաբանման մեջ հասկանալի չէ՝ նոր համակարգից կկարողանան օգտվել արտասահմանցիները: Բանն այն է, որ երկրում կանխիկ փող գործնականում չկա, իսկ թղթադրամների ցածր անվանակարգը թույլ չի տալիս հանգիստ փոխանակել անգամ 100 դոլար (դրա դիմաց կարելի է ստանալ տեղական ամենախոշոր թղթադրամով 660 հատ 500 բոլիվար): Տեղացիները արժույթ փոխանակելիս ստանում են փոխանցումներ տեղական բոլիվարական քարտերին: Արտասահմանցիների համար նման սխեմա չի գործում: