Բրիտանացի հասեռամոլը ստիպված է եղել կին ձեւանալ՝ հակառակ սեփական ցանկության, հանուն ամուսնու ծնողների։ Ինչպես տեղեկացնում է The Mirror պարբերականը, տղամարդը չի դիմացել օտարի կերպարում ներկայանալու կյանքին եւ մի քանի ամիս հետո փախել է։
Մանչեսթրցի Ռոյ Սինգհը ապագա փեսացուի հետ ծանոթացել էր 18 տարեկանում։ Տղամարդը, որի անունը ծագումով սիկհ բրիտանացին նախընտրել է չնշել, հմայել է նրան, եւ նրանք սկսել են գաղտնի հանդիպել։ Երկու տարի անց սիրեցյալը Սինգհին առաջարկություն է արել, տեղեկացնում է Lenta-ն։
Մի քանի օր հետո Սինգհին զանգահարել է փեսացուի մայրը։ «Նա ինձ ասաց, որ մեծ հնդկական ընտանիք ունեն, որի առջեւ ինքը խայտառակվել չի ցանկանում։ Ուստի, եթե ես ուզում եմ ամուսնանալ իր տղայի հետ, պետք է կին ձեւանամ հարսանիքին եւ որոշ ժամանակ այդպիսին մնամ, որպեսզի շրջապատին համոզեմ, որ նա գեյ չէ»,- ապագա սկեսուրի պայմանի մասին պատմել է տղամարդը։
Սիրահարված բրիտանացին շատ է զարմացել, բայց համաձայնել է։ Սինգհը տեղափոխվել է փեսացուի տուն, Լոնդոն՝ աղջկա կերպարանքով։ Իր ծնողներին ստել է, որ մեկնել է աշխատելու համար։
Սինգհի խոսքով՝ հարսանիքի օրը ամենաահավորն էր նրա կյանքում։ «Ինձ էր նայում 450 մարդ, եւ միայն ինը նրանցից գիտեր ճշմարտությունը։ Բոլորն ասում էին. «Նա այնքան գեղեցիկ է», կամ՝ «Քույրեր ունի՞ մեր տղաների համար»։ Ես մտածում էի՝ նրանք ծաղրում են»,- հիշում է նա։ «Հարսի» կողմից հյուրերի բացակայությունը սկեսուրը բացատրել էր նրանով, որ Սինգհը որբ է եւ այրի։
Հաջորդ օրը Սինգհին ասացին, որ այդ օրվանից նրա անունը Լաքի է, եւ նա չի կարող երեւալ որեւէ մեկի աչքին առանց կեղծամի, դիմահարդարման, զարդերի եւ բարձր կրունկների։ Նրա խոսքով՝ սկեսուրը ստիպում էր նրան օրը 18 ժամ աշխատել տանը եւ արգելում էր ուտել, որպեսզի նիհարի։ «Ես հաճախ մտածում էի՝ գիտակցո՞ւմ է արդյոք նա, որ ես տղամարդ եմ։ Երբեմն նայում էի ինձ հայելում ու չէի հասկանում, թե ով է այնտեղից նայում ինձ»,- խոստովանել է բրիտանացին։ Նա հազվադեպ էր տեսնում ամուսնուն։ Վերջինը նրան նվիրում էր ոսկերչական իրեր եւ կանացի ներքնաշորեր, ինչը զայրացնում էր Սինգհին։
Շուտով Սինգհի ծնողներն իմանում են կատարվածի մասին եւ հրաժարվում հաղորդակցվել որդու հետ այն բանից հետո, երբ սկեսուրը ստիպում է նրան այցելել ծնողներին Լաքիի կերպարանքով։
Հարսանիքից ինն ամիս հետո Սինգհը փախչում է ամուսնու տնից։ Որոշ ժամանակ նա ապրում է անօթեւանների կացարանում։ Չորս ամիս հետո իմանում է, որ ամուսինը պատրաստվում է ամուսնանալ կնոջ հետ, եւ փորձում վերջ տալ կյանքին կնոջ հագուստով, «որպեսզի իր մեջ սպանի նրա կնոջը»։ Նրան փրկում են, հիվանդանոցում տղամարդուն այցելում են ծնողներն ու հաշտվում նրա հետ։
Հիմա Սինգհը երբեմն հանդես է գալիս որպես դրեգ-քվին Լաքիի կերպարանքով։ Նա պնդում է, որ դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի վերադարձնի կյանքի հանդեպ վերահսկողությունը։ Տղամարդուն մինչեւ այժմ տանջում են մղձավանջները, որոնցում նա ստիպված է կին ձեւանալ սեփական ցանկությանը հակառակ։




























