Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը եւ ԳուոՄենգ ընկերությունը համատեղ  նախաձեռնել եւ հիմնադրել են «Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա», որի հիմնական նպատակն է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական, առեւտրային, կրթական եւ մշակութային փոխգործակցության զարգացումը: Ասոցիացիայի համահիմնադիր եւ նախագահն է հանրությանը հայտնի տնտեսական գործիչ Ռոբերտ Հարությունյանը: Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են.

* Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը

* Հայաստանում եւ Չինաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը

* Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառության զարգացումը

* Երրորդ երկրների շուկա մուտք գործելու նպատակով համատեղ արտադրական ծրագրերի իրականացումը

* Մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար ԳուոՄենգ ընկերությունը, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործակցությամբ, պատրաստվում է Հայաստանում իրականացնել տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք  համահունչ են Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի նպատակների հետ:

Ներդրումային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է Հայաստանում ստեղծել ԳուոՄենգ-Հայաստան Եվրասիական Ներդրումների Կառավարման Ընկերությունը, որը Հայ-Չինական բարեկամության ասոցիացիայի հետ համատեղ կիրականացնի հետեւյալ ծրագրերը.

1. ԳուոՄենգ-Հայաստան Միջազգային Առեւտրային Ընկերություն:

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաեւ ԵՄ, ԱՄՆ եւ այլ երկրների հետ ունի նպաստավոր առեւտրային ռեժիմներ: ԳուոՄենգ ընկերությունը Հայաստանում կձեւավորի առեւտրային ընկերություն, որը կզբաղվի միջազգային շուկաներում երկու երկրների արտադրանքի վաճառքների իրականացմամբ:

2. ԳուոՄենգ-Հայաստան Լոգիստիկ Ընկերություն:

ԳուոՄենգ ընկերությունը նախատեսում է կառուցել Հայաստանում ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ եւ այլ երկրների հետ առեւտրային հոսքերը:

3. ԳուոՄենգ-Հայաստան ալյումինի արդյունաբերական գոտի:

ԳուոՄենգ ընկերությունը կձեւավորի ալյումինե ապրանքների արտադրողների արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն չինական ալյումինե ապրանքներ արտադրող տարբեր ընկերություններ, մշակումներ եւ հետազոտություններ, ինչպես նաեւ դիզայն իրականացնող ընկերություններ: Գոտու շահառուների կողմից արտադրված ապրանքները հիմնականում կարտահանվեն:

4. Մշակութային եւ Կրթական կենտրոն:

Հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիայի հետ համատեղ նախատեսվում է ստեղծել կրթա-մշակութային կենտրոն՝ երկու երկրների միջեւ մշակութային, կրթական եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով: Տվյալ կենտրոնը պատասխանատու կլինի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրերի իրականացման համար Հայաստանում: Կրթա-մշակութային կենտրոնի միջոցով կիրականացվեն Հայաստանի կրթահամալիրների ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, որոնք կխթանեն երկու երկրների միջեւ կրթական եւ գիտական ոլորտներում համագործակցությունը:

Որպես  միջազգային բարձրորակ ծառայություններ մատուցող եւ ներդրումային ընկերություն, որը սերտորեն համագործակցում է Չինաստանի կոմերցիայի նախարարության հետ, ԳուոՄենգ ընկերությունը սերտորեն կհամագործակցի Հայաստանի կառավարության հետ վերոնշյալ ներդրումային ծրագրերի շրջանակներում: Ստորագրվեց նաեւ գործակցության եւս մեկ փաստաթուղթ:

Ծրագրերը թեեւ առաջին հայացքից փոքր ինչ հավակնոտ են, բայց նաեւ իրատեսական:  Հայ-Չինական Բարեկամության Զարգացման Ասոցիացիա» ընկերության համահիմնադիր կառույցի՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանի լավատեսական համոզմամբ՝ սկիզբը խոստումնալից է, կամքը կա, մնացյալը ժամանակի խնդիր է: