Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե կրթօջախում «ֆոնդի», խմելու ջրի եւ մոտեցող մարտի 8-ի տոնի համար երեխաներից գումարներ են հավաքվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրերը հերքեց ինքը՝ Սարուխանյանը, երբ նշեցինք, որ մեզ այս մասին տեղյակ են պահել խմբագրություն դիմած այդ դպրոցի մի քանի աշակերտների ծնողներ։
«Ես տեղյակ եմ մամուլի այդ հրապարակումներին, բայց հանգիստ եմ վերաբերում դրանց, որովհետեւ ցանկացած մարդ կարող էր մեր դպրոցի եւ անձամբ իմ մասին նման բաներ ասել։ Ես հերքում եմ բոլոր այն լուրերը, որ Ա. Չեխովի անվան դպրոցում դրամահավաքի երեւույթ կա, որ մարտի 8-ի նախաշեմին աշակերտներից գումարներ են հավաքվում, «ֆոնդի» փողեր են «կորզվում»։ Նման բան չկա»,- նշեց դպրոցի տնօրենը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով անհանգստացած ծնողներին եւ լրագրողներին հրավիրել իր մոտ՝ այս հարցով քննարկման։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ դպրոցում տեղադրված խմելու ջրի ապարատից օգտվելու համար երեխաները պետք է վճարեն 200 դրամ, Սարուխանյանը նշեց, ինքը տեղյակ չէ գումարի չափին, սակայն որ նման վճարովի ծառայություն արդեն մի քանի տարի է, ինչ կա, չհերքեց։ «Մենք դա արել ենք, որպեսզի երեխաները դպրոց շշերով ջուր չբերեն»,- բացատրեց նա:
Ամփոփելով՝ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենը նշեց, որ բողոքող ծնողների կողմից վեչոնշյալ երեւությների մասին խոսելն «անշնորհակալ արտահայտություններ են»։
Փորձեցինք իմանալ, տեղյա՞կ են արդյոք խնդրին Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչությունում, սակայն NEWS.am-ի համապատասխան բովանդակությամբ նամակը եւ զանգերն անպատասխան մնացին։
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթի տվյալներով, Չեխովի դպրոցի յուրաքանչյուր աշակերտից ֆոնդի համար հավաքում են 3500 դրամ: Մարտի 8-ի կամ նմանատիպ միջոցառումների համար պահանջում են 3000 դրամ: Բացի այդ, դպրոցում տեղադրվել են խմելու ջրի սարքեր եւ խմելու ջրի համար աշակերտներից պահանջում են եւս 200 դրամ: Երբ ծնողները Գայանե Սարուխանյանի մոտ բողոքել են դպրոցի բարքերից, վերջինս պարզապես խորհուրդ է տվել.
«Ձեռ չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց… կարող եք փոխել դպրոցը»,-ըստ ծնողներից մեկի փոխանցման, ասել է նա»,-նկատում է թերթը:




























