Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն դարձել է ուկրաինական սրբիչների ամենամեծ հավաքածուի սեփականատերը։ Այս մասին տեղեկացնում է Ռեկորդների ազգային ռեեստրը։
«Վիկտոր Յուշչենկոն այժմ ուկրաինական սրբիչների ամենամեծ հավաքածուի սեփականատերն է։ Ռեկորդների ազգային ռեեստրի փորձագետները հաշվել են 5370 ասեղնագործ եւ գործվածքից սրբիչներ, որոնք թալիսման են հանդիսանում ուկրաինական մշակույթում»,- ասվում է կազմակերպության Facebook-յան էջում։
Ուկրաինայի նախկին նախագահը հայտնի է Ուկրաինայի պատմության հետ կապված անտիկվար իրերի հանդեպ իր կրքով։ Նրա հավաքածուում ոչ քիչ յուրօրինակ արտեֆակտներ կան։ «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» թերթը հայտնել է, որ պետության նախկին ղեկավարը մայրաքաղաքի շուկաներից մեկում 500 դոլարանոց սրբիչ է գնել։ Կոլեկցիոներները հայտնում են, որ Յուշչենկոն ժամանակ առ ժամանակ հազվագյուտ բաժակներ, կերամիկա, սրբիչներ եւ տրիպոլյան ժամանակաշրջանի գանգեր է գնում։



























