Սպինինգիստուհի Թի Հոքինը ավստրալական Մերի գետի գետաբերանում մանր ծովաձկների ընտանիքի արտասովոր ձուկ է որսացել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC-ին։

«Կիսաթափանցիկ, վառ դարչնագույն, սեւ կետ հիշեցնող անաչք եւ ապակե ատամներով ձուկ՝ ահա թե ինչ տեսանք կարթին»,- ասել է կինը։ Ձկան պահվածքը նույնպես արտասովոր էր. կեռին հայտնվելով՝ նա չէր շարժվում ու չէր տարուբերվում։

Ուսումնասիրելով ձկան լուսանկարը՝ մասնագետները պարզեցին, որ Հյուսիսային Տերիտորիա շրջանի Կակադու այգու տարածքում ձկնորսություն անող Հոքինը որսացել է բավական հազվադեպ ձուկ, որը կոչվում է մորուքավոր որդ (Taenioides cirratus)։ « Դա շատ ու շատ հազվադեպ ձուկ է։ Եվ որոշակի հանգամանքներում այն իրոք կարող է կծել իր սուր ատամներով, եթե, իհարկե, որեւէ մեկի խելքին փչի մատը նրա բերանը մտցնել»,- ասել է Հյուսիսային Տերիտորիայի թանգարանի աշխատակից Մայքլ Համերը։

Ձկնաբանի խոսքով՝  մինչ այդ ենթադրվում էր, թե այդ ձկներն ապրում են Ավստրալիայից շատ ավելի հյուսիս, եւ ամենամոտ տեղը, որտեղ նրանց կարելի էր հանդիպել, Պապուա Նոր Գվինեան էր։

Մորուքավոր որդը մանր ծովաձկների ընտանիքին է պատկանում, որոնց երկարությունը մոտ 15 սանտիմետր է։ Ձուկն ունի վարդագույն-ոսկեգույն երանգ, թեփուկներ չունի, գլուխը խոշոր է, դեղնաթափանցիկ մորուքով։ Ապրում է մերձափնյա ջրերում, գետաբերաններում, ցեխափոսերում եւ Հնդկական-Խաղաղ օվկիանոսի շրջաններում եւ կարող է ցեխում թունելների շղթա փորել։ Կյանքի մեծ մասն անցկացնում է հողի տակ եւ ունի զարգացած հոտառություն, սնվում է խեցգետնակերպերով եւ մանրաձկով։ Կարող է երկար ժամանակ շնչել մթնոլորտային օդ ջրից դուրս։