Աղքատության կրճատման խնդիրը Հայաստանի կառավարության գերակա խնդիրներից է: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Ընդ որում, նա կրկին հիշեցրել է միջազգային տնտեսական ճգնաժամի մասին, որը խանգարել է կառավարության նախագծերին: Սակայն, ըստ Դավթյանի, ներկայումս կառավարությունը վերանայում է կայուն զարգացման ռազմավարությունը: «Այդ ռազմավարության մեջ ընդգրկվելու է կոնկրետ բաժին աղքատության դեմ պայքարի վերաբերյալ` կոնկրետ թվերով եւ ցուցանիշներով»,- հավաստացրել է նախարարը եւ նշել, թե 2011թ. աղքատության կրճատմանը ուղղվելու է 44 մլրդ դրամ:
Ի պատասխան պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է իր թվաբանությունը. «Հայաստանում 1 մլն 100 հազար մարդ աղքատ են, մարդիկ անգամ միջոցներ չունեն հաց գնելու համար, երեխաներին շուտ են քնեցնում, որ հաց չուզեն, ահա Հայաստանի իրողությունները»: Ըստ պատգամավորի` Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը պայմանավորված է սոցիալական ծանր խնդիրներով: Ըստ Դալլաքյանը Հայաստանում երեխաների 38 տոկոսն աղքատ է, իսկ հաշմանդամ երեխաների մեջ այդ ցուցանիշը 70 տոկոս է»:





























