Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ինքն է բարձրացնում շաքարավազի գները: «Գները Ալեքսանյանը չի թանկացնում, գները միջազգային շուկայում են թանկանում»,- պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` ասել է Ալեքսանյանը` գների թանկացումը պատճառաբանելով կլիմայական փոփոխություններով եւ այլ գործոններով:

«Մարդկանց քանակը շատացել է, առաջ 6 միլիարդ քանիս էր, հիմա եսիմ ինչքան ա, հետո չինացիք առաջ լավ չէին սնվում, հիմա սկսել են սնվելը, կարագ ա, կաթնեղեն ա, սկսել են ուտելը»,- բացատրել է հանրապետական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ է արվում գների թանկացումը կանխելու ուղղությամբ, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Իսկ եթե փորձ չարվե՞ր… եթե դուք Վրաստանում ծանոթ ունեք, մի հատ զանգեք, այնտեղի գները հարցրեք: Մի հատ զանգեք Վրաստան հարցրեք. «Ձեր մոտ պեսոկն ի՞նչ արժի ու մեր մոտ ինչ արժի»:

ԱԺ պատգամավորը նաեւ բացատրել է հարստանալու իր գաղտնիքը: «Ես ոչ քեռի, ոչ էլ մորքուրի մարդ եմ ունեցել, ես 14 տարեկանից աշխատել եմ:  Աշխատող մարդը կյանքում սոված չի մնա, հարստանալու համար պետք ա վիզ դնեք, բիզնեսով զբաղվեք: Ո՞վ ա մեզ հնարավորություն տվել, աշխատում ենք, 90-ական թվերին սաղ օրը սամալյոտների մեջ եմ քնել»: