Ռենջերները, որոնց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Աֆրիկայի եւ Ասիայի երկրների կառավարությունների հետ համագործակցելով, վարձում է ազգային պուրակների պահպանման համար, սպանում եւ կտտանքների են ենթարկում որսագողության մեջ կասկածվողներին՝ գրում է BuzzFeed-ը։

Հիմնադրամում այդ մասին գիտեն, սակայն աչք են փակում հանցագործությունների վրա, իսկ երբեմն նույնիսկ միջամտում են եւ նպաստում հետաքննությունների դադարեցմանը։

Ինչպես գրում է թերթը, WWF-ը միլիոնավոր դոլարների հովանավորչական միջոցներ է ծախսում որսագողերի կազմակերպված խմբավորումների դեմ պայքարում։ Եվ այդ պայքարի համար հիմնադրամը վճարում է զենքի, տեխնիկայի՝ դանակներից մինչեւ դրոններ եւ ուղղաթիռներ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հրազենի գնումը։

WWF-ի վարձկանները շրջում են ազգային անտառների, այգիների, պուրակների հարակից գյուղերում եւ տանջում տեղի բնակիչներին, եթե նրանք կասկած են առաջացնում կամ կարող են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել։

Ռենջերների անօրինական գործողությունների վառ օրինակ է Նեպալի դեպքը։ Այստեղ մի տղամարդու կասկածել են ռնգեղջյուրի սպանության մեջ։ Ու թեեւ կենդանու մարմինը չեն գտել, տղամարդուն այնքան են մտրակել, որ նա մահացել է։

Երեք ռենջերների մեղադրել են սպանության մեջ, սակայն մի քանի ամիս անց գործը փակվել է WWF-ի ճնշումների շնորհիվ։