Իսպանական Լանսարոտե կղզու (Կանարյան կղզիների ինքնավար ընկերակցություն) օդանավակայանում հավաքել են աշխարհում ամենամեծ փազլը։ Այս մասին տեղեկացրել են Պիրենեյան թագավորության Օդանվակայանների պետական վարչությունում (AENA), հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության տվյալներով՝ փազլը կարելի է տեսնել երկրորդ տերմինալի ցուցասրահում։ Խճանկարը բաղկացած է 45,5 հազար փայտե դրվագներից։ Հավաքովի նկարը ներկայացնում է կղզու տարբեր բնանկարների 91 լուսանկար։

Փազլի հավաքմանը մասնակցել է 75 մարդ։ Բացմանը ներկա են եղել Լանսարոտեի օդանավակայանի տնօրեն Խուան Կառլոս Պեգը եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Օդանավակայանների պետական վարչությունում, 2018-ին Իսպանիայի գլխավոր օդանավակայանները ռեկորդային թվով ուղեւորներ են ընդունել։ AENA-ի ընդհանուր ուղեւորահոսքը գերազանցել է 263,7 մլն մարդը, ինչը 5,8 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից։ Լանսարոտեի օդանավակայանի ծառայություններից օգտվել է ավելի քան 7,3 մլն ճանապարհորդ։ Այսպիսով, կանարյան այս օդանավակայանը ուղեւորների թվով տասներորդ տեղն է գրավել իսպանական ցանցում։