Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր մանդատին համապատասխան, կշարունակի կանոնավորապես այցելել Կարեն Ղազարյանին։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։

Պատվիրակության նախագահը հիշեցրել է, որ ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության աշխատակիցները Ադրբեջանի տարածքում Ղազարյանի հայտնվելու պահից այցելել են նրան՝ տեսնելու նրա պահման եւ նրա հետ վարվելու պայմանները, ինչպես նաեւ կապ ապահովելու հարազատների հետ։ Վերջին այցելությունը փետրվարին էր։

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի է վերցվել անցած տարվա ամռանը։ Երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, բայց դա չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին նրան «դիվերսանտ» ներկայացնել։ Փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։