Ծնելիության նվազեցումը եւ ընտանիքների չափերի փոքրացումը կարող են քաղաքականությունում կարծիքների բեւեռացման եւ մարդկանց միջեւ աճող անվստահության գլխավոր պատճառները լինել: Scientific Reports ամսագրում այս մասին գրում է հայտնի բրիտանացի սոցիոլոգ Դեւիդ Բարետտան:
«Օրենքները եւ պետությունը կարող են փոխարինել սոցիալական նորմերի գործառույթների մի մասը, որոնք նախկինում կատարում էին ընտանքիները եւ ավանդական բարեկամական կապերը: Մյուս կողմից, մարդիկ չեն դադարում զգալ, որ իրենք կապված չեն այլ անհատների հետ եւ ապրում են վստահության ցածր մակարդակ ունեցող հասարակությունում»,-ասել է սոցիոլոգը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցերին:
Նա նման եզրակացության է եկել՝ վերլուծելով աշխարհում ներկայիս դեմոգրաֆիական իրադրությունը: Դեմոգրաֆիկ անցման տեսության համաձայն՝ ամբողջ մարդկության եւ առանձին քաղաքակրթությունների եւ երկրների պատմությունը կարելի է 3 հստակ պատմական ժամանակշրջանների բաժանել՝ հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա՝ ծնելիության եւ մահացության:
Առաջին ժամանակաշրջանում, որն իր մեջ ներառում է ամբողջ պատմությունը մինչեւ արդյունաբերական դարաշրջան, մոլորակի բնակչության աճը բարձր մահացության պատճառով դանդաղել է:
Գիտատեխնիկական հեղափոխության սկսվելուց հետո սկսվել է երկրորդ փուլը, որը կապված է մահացության կտրուկ նվազման հետ: Նրա գագաթնակետը հասել է XX դարի կեսերին, երբ շատ նախկին գաղութներ եւ երրորդ աշխարհի երկրներ առաջընթացի հասնելու հնարավորություն են ունեցել:



























