Ամերիկացի ուսուցչուհին, որն ամուսնու հետ բնակվում է Սաուդյան Արաբիայում, հայտնվել է ծուղակում՝ ի վիճակի չլինելով ապահարզանից հետո թագավորությունից հեռանալ կանանց խնամակալության մասին օրենքի «շնորհիվ», հայտնում է Fox News-ը:
Ծագումով ԱՄՆ Վաշինգտոն նահանգից Բեթանի Վիերան 2011 թվականին հանդիպել է բիզնեսմեն սաուդցուն, ում համարել է իր երազանքի տղամարդը:
Երկու տարի հետո նրանք ամուսնացել են Պորտուգալիայում եւ դուստր են ունեցել: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ զույգը հայտնվել է Սաուդյան Արաբիայում: Կինը ցանկացել է ամուսնալուծվել եւ հայրենիք վերադառնալ, սակայն հանկարծ հասկացել է, որ դա չափազանց բարդ խնդիր է:
Նրա քույրը՝ Նիկոլը, The New York Times-ին հայտնել է, որ Բեթանին Սաուդյան Արաբիայից չի կարող հեռանալ: Կանանց խնամակալության մասին օրենքը, որը տղամարդկանց հակառակ սեռի վրա իշխանություն է տալիս, արգելում է կնոջն օգտվել բանկային հաշվից, երկրից հեռանալ, ճանապահորդել դստեր հետ կամ օգնության դիմել:
Թագավորությունում կանանց նկատմամբ այս սահմանափակումները նորություն չեն:
Այս օրենքը կնոջը հավասարեցնում է երեխային: Նրա ցանկացած, նույնիսկ ամենատարրական գործողությանը պետք է հավանություն տա խնամակալ տղամարդը:
Հիմա Վիերան ամուսնալուծված է, սակայն նրա նախկին ամուսինը դեռեւս համարվում է նրա խնամակալը: Դեկտեմբերին նա արգելել էր կնոջը դստեր հետ ուղեւորվել ԱՄՆ՝ հարազատների հետ Ծննդյան տոնը նշելու, եւ հիմա նրա մերձավորները վախենում են, որ Վիերան այդպես էլ տուն չի վերադառնա:




























