Բելգիայի Ալստ քաղաքում՝ Բրյուսելից քիչ հեռու, անցկացված  դիմակահանդեսից հետո ԵՄ-ում սկանդալ է առաջացել: Ամեն տարի Մոխրոտ չորեքշաբթիից առաջ անցկացվող հումորային երթը տասնյակ հազար մարդկանց է ներգրավում: Սակայն այս անգամ մասնակիցները «տարբերվել են»՝ ծաղրանկարների տեսքով պատկերելով հրեաներին, գրում է RG-ն:

Եվրոպական հանձնաժողովը Ալստում կատարվածը խայտառակություն է անվանել:

«Աներեւակայելի է, որ Հոլոքոստից 74 տարի անց եվրոպական փողոցներում նման պատկերներ հայտնվեն: Եվրահանձնաժողովի  դիրքորոշումը եղել եւ մնում է ասյպիսին՝ մենք վճռականորեն դեմ ենք հակասեմականության բոլոր դրսեւորումներին», - Եվրահանձնաժողովի հայտարարությունը մեջբերում է Euobserver-ը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2010-ին այս կառնավալը  ներառել էր համաշխարհային ժառանգության   ցանկում, նույնպես համարել է, որ փառատոնի կազմակերպիչները շատ են հեռուն գնացել:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտում  է  ռասայական եւ հակասեմական պատկերացումները», - ասել է մշակույթի հարցերով տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնե Ռամիրեսը:

«Ալստում կառնավալի երգիծական ոգին եւ կարծիքների արտահայտման ազատությունը չեն կարող արդարացում լինել  ատելության նման դրսեւորումների համար», - ասել է նա:

Հակասեմականության դեմ բելգիական լիգայի նախագահ Ջոել Ռուբինֆելդն իր հերթին նշել է, որ այդ միջադեպը հակասեմականության բոլորովին էլ առաջին դեպքը չէ: Վերջին շրջանում նման երեւույթներ ավելի հաճախ են տեղի ունենում: Վերջերս Ֆրանսիայում պղծել էին երկու հրեական գերեզմաններ եւ նացիստների կողմից ոչնչացված սինագոգի տեղում մնացած հուշակոթողը: