Վերջին շաբաթներին ինտերնետը սկսել է խելքը թռցնել ծալովի սմարթֆոն- պլանշետների հետ կապված, եւ LEGO-ն որոշել է ծաղրել նոր տրենդը. ընկերությունը ներկայացրել է իր նոր LEGO Fold «սարքը», որը Samsung Galaxy Fold-ի ծաղրապատկերն է, եւ որը ավելի լավն է մի քանի բնութագրերով, տեղեկացնում է Vesti-ն։

Օրերս LEGO-ն Թվիթերի օգտատերերին է ներկայացրել իր նորագույն սարքը՝ եզակի ծալովի կոնստրուկտոր, որը մի քանի բնութագրերով անգամ գերազանցում է Samsung Galaxy Fold-ին։ Օրինակ, Lego Fold-ն աչքի է ընկնում մեծ չափսերով՝ նրա «դիսփլեյը» ծալված վիճակում 5 դյույմ է, իսկ բաց վիճակում՝ 11։

Lego Fold-ի ամենագլխավոր առավելությունն այն է, որ թույլ է տալիս անվերջ ինչ-որ նոր բան ստեղծել, քանի որ երբեք մարտկոցը չի նստում։ Ընկերությունը կարողացել է սրան հասնել շատ դյուրությամբ. պարզապես Lego Fold-ը ոչ մի մարտկոց էլ չունի։

Ինքնըստինքյան, LEGO-ն այսպես որոշել է կատակել ծալովի սմարթֆոնների ընդհանուր իրարանցման հետ կապված եւ գովազդել է իր միանգամայն իրական ապրանքը՝ բացվող գիրք-կոնստրուկտորը Lego Ideas սերիայից։