Սպասվում է ՄԻԵԴ-ի որոշումը Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Մամիկոն Խոջոյանի եւ Արթուր Բադալյանի գործերով: Մարտի 7-ին մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց  իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Ավելի վաղ այդ չորս գործերը միավորվել էին մեկ գործում:

 «Դեռ մի քանի տարի առաջ եվրոպացիներին դժվար էր համոզել  ռասիզմի եւ քսենոֆոբիայի մեջ: Սակայն հետո տեղի ունեցան 2016 թվականի ապրիլի իրադարձությունները եւ եվրոպացիները սկսեցին համոզվել», - նկատեց իրավաբանը:

Ներկայումս նշված գործերով բոլոր ընթացակարգերն ավարտվել են, սպասվում է որոշումը:

«Եթե անգամ մեկ գործով որոշում ընդունվի, դա կարեւոր նախադեպ է», - ընդգծեց Ղազարյանը:

Մանվել Սարիբեկյանը մահացել է ադրբեջանական տանջարանում:

Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գլխատվել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: Հետագայում Սաֆարովը վերադարձել էր հայրենիք եւ հերոս հռչակվել:

Մամիկոն Խոջոյանը մահացել է ադրբեջանական տանջարանում արված ներարկումների հետեւանքով:

Արթուր Բադալյանը մոտ երկու տարի անցկացրել էր ադրբեջանական գերության մեջ, ընդ որում Ադրբեջանի իշխանությունները ընդհուպ մինչեւ նրան հայրենիք փոխանցելը  հրաժարվում էին հաստատել երկրում նրա գնտվելը: