Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելին հայտարարել է, որ կաշխատեր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, եթե նա հաղթեր 2016թ․ նախագահական ընտրություններում՝ հայտնում է ABC News-ը։

Այդ մասին Քելին ասել է Դյուկի համալսարանում ելույթի ժամանակ, որի աուդիոձայնագրությունը ստացել է հեռուստաալիքը։ Սա նրա առաջին հայտարարությունն է եղել 2018թ․ դեկտեմբերին Սպիտակ տնից ազատվելուց հետո։

Աշխատակազմի նախկին ղեկավարին նաեւ հարցրել են, թե ինչ խորհուրդ նա կարող է տալ իր հաջորդ Միկ Մալվանիին։ Սկզբում Քելին կատակել է՝ ասելով «փախչելով փրկվիր», սակայն հետո հավելել է, որ ինքը անհրաժեշտ է համարում նախագահին ասել այն, «ինչը նա պետք է լսի»։

Ավելի վաղ Քելին հայտարարել էր, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վատագույն աշխատանքն էր իր կյանքում։