Բուենոս Այրեսի Jorge Newbery օդանավակայանը, որը սպասարկում է տարածաշրջանային չվերթների մեծ մասը, ինչպես նաեւ մի շարք միջազգային թռիչքներ, սանիտար ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ժամանակավորապես չի աշխատում: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաջիկա ժամերի բոլոր թռիչքները կամ չեղարկվել են կամ հետաձգվել, վկայում է օդանավակայանի առցանց չվացուցակը:

«Օդանավակայանը ժամանակավորապես չի աշխատում սանիտար ինքնաթիռի պատճառով, որը ժամանել է Ռոսարիո քաղաքից եւ վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց: Երկու օդաչուները եւ բժիշկները չեն տուժել», - հաղորդում է ծառայությունը:

Ակտիվացվել է նման դեպքերի համար գործող հատուկ կարգը: Դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաքում վատ եղանակային պայմանների ժամանակ: Մոտավորապես 19:00-ին Բուենոս Այրեսում ուժեղ քամի է բարձրացել եւ հորդառատ անձրեւ տեղացել: Ներկայումս տարերքը հանդարտվել է:

Բուենոս Այրեսի ամենախոշոր օդանավայականը՝ Ezeiza-ն, որը սպասարկում է միջազգային չվերթների մեծ մասը, ընդունում եւ ուղարկում է ինքնաթիռներին: