Առայժմ միայն մտորում ենք Հայաստանում ամռային ժամանակի անցմանը վերադառնալու շուրջ, եւ վաղ է խոսել խորհրդարան համապատասխան օրինագիծ ներկայացնելու մասին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ ամառային ժամանակին անցումը քաղաքացիներին թույլ կտա առնվազն 10 տոկոս էլեկտրաէներգիա տնտեսել, ինչը դրական կանդրադառնա նրանց դրամապանակի վրա: Դրանից բացի, դա թույլ կտա նվազեցնել հանցավորության մակարդակը, մասնավորապես՝ գողությունների թիվը, քանի որ ամիսներ շարունակ մեկ ժամ ուշ կմթնի: 

Հստակեցնող հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի այդ նախաձեռնությունը տեսնել վերջնական պատրաստված օրինագծի տեսքով եւ ե՞րբ այն կհայտնվի խորհրդարանի օրակարգում, իշխող դաշինքի պատգամավորը պատասխանեց, որ այս հարցը չի մտնում շտապ հարցերի թվի մեջ, եւ «առայժմ որեւիցե արմատական փոփոխության անհրաժեշտություն չկա»:

Հիշեցնենք, որ  փետրվարին Facebook-ի իր էջում Ալեն Սիմոյանը մասնավորապես գրել էր, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որն ըստ նրա, բնակիչներին հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի վճարների մինչեւ 10 տոկոսը:

Այսպիսով պատգամավորն առաջարկում է վերականգնել ամառային ժամանակին անցումը, որը 2013-ին չեղարկվել էր նախորդ իշխանությունների կողմից:

Նշենք, որ ամառային ժամանակը ներդրվում է մարտի վերջին կիրակի եւ չեղարկվում  է հոկտեմբերի վերջին կիրակի: Ժամացույցի սլաքները մեկ ժամով առաջ են տրվում:

Այժմ ամառային ժամանակը կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես ԵՄ երկրներում եւ ԱՄՆ-ում՝ օրվա լուսավոր ժամանակի ավելի ռացիոնալ օգտագործման  եւ էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով: Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստաանում գործարանների բանվորներն արդեն վաղուց չեն շտապում հերթափոխին, մայիս-հունիսին 04:30-05:00 վաղ արեւածագն այլեւս պահանջված չէ: Ամառային ժամանակի անցումը Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա ավելի երկար վայելել երկարատեւ երեկոները: