Բրիտանական Merchant Royal նավը խորտակվել էր Քորնուոլի ափերին 1641 թվականի, այն տեղափոխում էր այժմ 1,5 մլրդ դոլար գնահատվող թանկարժեք իրեր։ Իսկ 1641-ին այդ գումարը կազմել է Մեծ Բրիտանիայի հարկային մուտքերի մեկ երրորդը, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով DailyMail-ին։
Ծովային շատ հնագետներ փորձել են գտնել նավի հետքը, բայց ապարդյուն։ Հաջողությունը ժպտաց ձկնորսներին. նրանք ջրից դուրս բերեցին խարիսխ, որը մասնագետները նմանեցնում են Merchant Royal-ի խարսխին։
Քորնուոլի ծովային հնագիտության ընկերության հիմնադիր Մարկ Միլբուռնը տեղեկացնում է, որ կսուզվի, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի խարիսխը գտնելու վայրը։ Բայց անմիջապես էլ նախազգուշացնում է. «Խորտակման վայրը շատ նենգ է. խորությունը հասնում է 91 մետրի, հազվադեպ մասնագետը կարող է սուզվել այդքան խորը։ Եվ մեզ հարկավոր կլինեն սարքավորում, այն սպասարկող փորձագետներ»։




























