«Ա1+» ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որին այս տարի հունիսի 15-ին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կհանձնվի Fritt Ord Press Prize-2011-ը:

Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ հայկական «Ա1+» կայքը:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին:

Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:

«Ա1+»-ի թեկնածությունը  առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, որոշումը կայացրել է 8 հոգանոց անկախ ժյուրին, որի կազմում եղել են 5 ներկայացուցիչներ Գերմանիայից, մեկական Թուրքիայից, Դանիայից, Նորվեգիայից:

«Ա1+»-ին իբրեւ մրցանակ կհանձնվի 10000 եվրո:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ-ից ի վեր:

Հայաստանից որպես անհատ  լրագրողներ  այս մրցանակին արժանացել են Մարիաննա Գրիգորյանը եւ Էդիկ Բաղդասարյանը: