Նյու Յորքի հայտնի Քրայսլեր-բիլդինգը կվաճառեն 150 մլն դոլարով, հայտնում է CNN-ը։

Այժմ դրա սեփականատերերն են՝ Աբու Դաբիի պետական Abu Dhabi Investment Council հիմնադրամն է (90 տոկոս մասնաբաժնով), որը 2008թ․ շենքի համար 800 միլիոն դոլար է վճարել, եւ անշարժ գույքի Tishman Speyer Properties հիմնադրամը (10 տոկոս մասնաբաժնով)։

Գնորդը անշարժ գույքի վաճառքով զբաղվող RFR Holdings ընկերությունն է։ Դեռեւս պարզ չէ, թե երբ գործարքը կավարտվի։ Վաճառքի մասին երկու ամիս առաջ է հայտնի դարձել, եւ այն շատ արագ է կատարվել։ Գործարքը կազմակերպել է CBRE Group Inc ընկերությունը։ Վաճառողները գնի նման իջեցմանը համաձայնել են վարձակալության վճարի աճի պատճառով, որը գանձում է հողի սեփականատեր Քուփերս Յունիոն քոլեջը։ Նախորդ տարի այն կազմում էր 7,75 միլիոն դոլար, իսկ այս տարի բարձրացել է՝ հասնելով 32,5 միլիոն դոլարի, իսկ 2028թ․ կհասնի 41 միլիոնի։ Շենքի ներսի տարածքների վարձակալության գներն այդքան արագ չեն բարձրանում։

320 մետր բարձրությամբ արթ-դեկո ոճով երկնաքերը կառուցվել է 1930թ․՝ 42-րդ փողոցի եւ Լեքսինգթոն ավենյուի հատման վայրում, եւ դարձել է Նյու Յորքի խորհրդանիշներից մեկը։ Մինչեւ 1953թ․ այստեղ տեղակայված էր Chrysler Corp.-ի գլխավոր գրասենյակը, այնուհետեւ շենքը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։