Բոլորին հայտնի է, որ տիրանոզավրերը հսկայական արյունարբու կենդանիներ էին և համարվում էին դինոզավրերի աշխարհի արքաները: Սակայն նրանք վտանգ էին ներկայացնում միայն հասուն տարիքում: Բնական պատմության ամերիկյան թանգարանի մասնագետները ստեղծել են տիրանոզավրի ձագի մոդելը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով  The Sun-ին:

Ի տարբերություն չորս մետր հասակ եւ շուրջ 9 տոննա քաշ ունեցող ծնողների՝ ձագերը նման էին փոքրիկ փափկափետուր թռչուններին: Փոքրիկ, առջեւի անհամաչափ երկար թաթերով ձագերն ունեին անհեթեթ եւ ծիծաղելի տեսք: Եթե մեծահասակ տիրանոզավրերը գերադասում էին միայնակ սնունդ հայթայթել, ապա փոքրիկները որսի էին գնում խմբերով: Նրանք սնվում էին միջատներով եւ մողեսներով: Իր չափերով ձագը հիշեցնում էր ժամանակակից հնդկահավ: Երկար ժամանակ նա մնում էր անպաշտպան: Փոքրիկ դինոզավրերի մասին կարելի է իմանալ ավելին «Ռեքս տիրանոզավր՝ գլխավոր գիշատիչ» ցուցահանդեսի ժամանակ Բնական պատմության ամերիկյան թանգարանում (Նյու Յորք):