Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանությունը բացահայտել է հետաքրքիր դեպք. հինգշաբթի թմրանյութեր պահելու մեղադրանքով տղամարդ է ձերբակալվել շնորհիվ կոկաինով լի պայուսակի, որն ավելի քան մեկ տարի առաջ խանութում պատահաբար գտել էր 7-ամյա տղան, հաղորդում է  Fox News-ը:

47-ամյա Հենրի Մարերո-Ռոդրիգեսին մեղադրանք էր առաջադրվել անչափահասին պոտենցյալ վտանգի ենթարկելու, ինչպես նաեւ թմրանյութեր պահելու համար:

Հայտնի է, որ խանութի մենեջերին դիմել է հաճախորդներից մեկը եւ հաղորդել, որ նրա 7-ամյա որդին գտել է պայուսակ սպիտակ փոշի պարունակող յոթ փաթեթներով:

Ոստիկանությունը պարզել է, որ նախքան պայուսակը մորը հանձնելը, տղան խաղացել է փաթեթներով, ինչը կարող էր վնաս հասցնել նրա առողջությանը:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ փաթեթները պարունակում էին կոկաին եւ օփիոդային անալգետիկ ֆենտանիլ:

Պայուսակի՝ Մարերո-Ռոդրիգեսին պատկանելու փաստն ապացուցվել է տեսահսկման համակարգի միջոցով, որը ֆիքսել էր պահը, երբ տղամարդը պատասխանել է հեռախոսազանգին եւ վայր գցել պայուսակը: