Միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շատ է կարեւորում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների՝ մայիսին կայանալիք մրցաշարը եւ հուսով է, որ Ծաղկաձորում անցկացրած մեկամսյա իր պարապմունքները ցանկալի արդյունք կտան։ Այս մասին գրոսմայստերն ասաց մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Տեղեկացնելով, որ մրցաշարում իր հակառակորդը լինելու է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը՝ Արոնյանը նկատեց, որ վերջինիս խաղաոճն իրեն շատ է դուր գալիս։ «Նրա հետ շատ եմ մրցել։ Ամեն անգամ հետաքրքիր պայքար է ծավալվել։ Կարծում եմ՝ այս անգամ էլ հետաքրքիր կստացվի։ Գրիշչուկի խաղը, թեպետ, Վեե Կան Զեում չստացվեց, սական նա ուժեր ունի եւ այդ ուժերը միշտ կարող է օգտագործել»,- նկատեց շախմատիստը։

Արոնյանը տեղեկացրեց նաեւ, որ վերոնշյալ մրցաշարին իրեն օգնել են պատրաստվել իր ընկերները, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ, Հայաստանի Սերժ Սարգսյանի աջակցությունը։

«Այս պահին միայն մրցաշարի մասին եմ մտածում, Գրիշչուկի հետ 4 խաղ եմ խաղալու։ Կարեւոր չէ, թե հաղթողը հետո ում հետ կխաղա։ Ավելի կարեւոր է խաղի ընթացքում սառնասրտություն հանգստություն պահպանելը»,- ընդգծեց Արոնյանը։

Ամփոփելով՝ նա հայտարարեց, որ ինքը ուրախ է վերջին շրջանում լավ խաղ ցուցադրելու եւ ոչ մի պարտություն չունենալու համար։ «Ամոթ կլինի, որ երկրի ղեկավարի այսքան մեծ աջակցությունից հետո ես եւ երիտասարդ մյուս շախմատիստները վատ խաղ ցուցադրենք»:

Նշենք, որ ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ժամկետը: Այն կանցկացվի 2011թ. մայիսի 3-27-ին` Կազանում: