Մեծ Բրիտանիայի կրթության նախարարությունը մտադիր է պատժել բրիտանական բուհերին, եթե նրանք ուսանողներին  շատ բարձր գնահատականներ նշանակեն  եւ գերազանցության չափից շատ դիպլոմներ տան:

«Դիպլոմների ինֆլացիայի» համար համալսարանները կարող են մինչեւ 500 հազար ֆունտով տուգանվել (մոտ 585 հազար եվրո) կամ ժամանակավոր զրկվել լիցենզիայից, գրում  է «Եվրոպուլսը»:

Նախարարությունը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2016-2017 ուսումնական տարում բրիտանական համալսարանների շրջանավարտների 27 տոկոսը գերազանցության դիպլոմ է ստացել, մինչդեռ 2010-2011 թվականներին միայն 16 տոկոսն էր ստացել:

Դիպլոմներ ստացած շրջանավարտների թիվը նույնպես շատ է դարձել: Պաշտոնյաները վախենում են, որ այդ պատճառով բրիտանական բուհերի դիպլոմները քիչ կգնահատվեն գործատուների կողմից:

Միավորների արդար գնահատականներին կհետեւի ԿԳՆ-ին առընթեր Office for Students (OfS) հկ-ն:

Ընդ որում Universities UK-ն՝ Բրիտանիայի համալսարանների շահերի պաշտպանության կազմակերպությունը, կհետեւի, որպեսզի գնահատականները արհեստականորեն չիջեցվեն:

Universities UK ներկայացուցիչների խոսքով, համալսարանների շահերից է բխում յուրաքանչյուր ուսանողին խրախուսել կրթության ընթացքում առավելագույն գիտելիքներ եւ հմտություններ ստանալ: