Էստոնիան կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը, որտեղ դատարանում դատավճիռները կհրապարակի  արհեստական ինտելեկտով համակարգիչը:

Հանրապետության արդարադատության նախարարությունը մտադիր է նոր տեխնոլոգիայի ներդրումը սկսել մինչեւ 2019 թ վերջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արհեստական ինտելեկտի  տեխնոլոգիաների մշակման ոլորտի էստոնացի փորձագետ Օթթ Վելսբերգը ամերիկյան «Wired» ամսագրին պատմել է, որ նախկինում Արդարադատության նախարարությունը խնդրել էր իրեն մշակել այնպիսի ծրագիր, որը կկարողանա մանր դատական գործերով վեճեր քննել՝ մինչեւ  7,000 եվրո գումարի հասնող:

Նախագծի հեղինակների գաղափարի համաձայն՝ նման իրավական վեճի մասնակիցները կկարողանան գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը ներբեռնել համացանցում ստեղծված հատուկ կայք: Այնտեղ դրանք կքննի էլեկտրոնային «դատավորը» եւ իր դատավճիռը կհրապարակի, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի բողոքարկել  վերին ատյանի դատարանում:

Տեխնոլոգիան թեստային ռեժիմում կարող է փորձարկվել արդեն այս տարեվերջին, որից հետո դրա ներդնման մասին որոշում կկայացվի:

«Որոշ մարդիկ անհանգստանում են, որ եթե մենք կրճատենք քաղաքացիական ծառայողների թիվը, ապա սպասարկման որակը կտուժի», - ասել  է  Վելսբերգը: «Բայց արհեստական ինտելեկտը միայն մեզ կօգնի»:

Wired ամսագիրը նշում է, որ դատական որոշումների ընդունումը եւ արհեստական ինտելեկտը միավորելու փորձերը ձեռնարկվում են տարբեր երկրներում: Այսպիսով՝ ԱՄՆ մի շարք նահանգներում համակարգչային ալգորիթմներն արդեն իրենց խորհուրդներն են հրապարակում որոշ գործերի դատավճիռների վերաբերյալ: Իսկ Բրիտանիայում գործարկված DoNotPay սթարթափը թույլ է տալիս դատական հայց ներկայացնել սմարթֆոնի հավելվածով:

Սակայն Էստոնիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը արհեստական ինտելեկտին դատական որոշումներ ընդունելու լիազորություններ կտա:

Էստոնիան մոլորակի ամենազարգացած էլեկտրոնային պետություններից է: Ներկայումս այն մոտ 600 էլեկտրոնային ծառայություններ է առաջարկում քաղաքացիներին եւ 2.4 հազար՝ բիզնեսին:

Էստոնիայում այս բոլոր ծառայություններից օգտվելու համար որպես անձը հաստատող փաստաթուղթ օգտագործվում է յուրատեսակ  ID քարտը, որը գործում է որպես առցանց անձնագիր: Դրա միջոցով երկրի բնակիչները կարող են հեռակա կարգով փաստաթղթեր ստորագրել, վճարել բջջային հեռախոսի եւ տրանսպորտի համար, քվեարկել ընտրություններին, բանկային փոխանցումներ կատարել, բժշկական դեղատոմսեր ստանալ, հետեւել դպրոցում երեխաների առաջադիմությանը եւ անգամ սեփական բիզնեսը ստեղծել՝ առանց համակարգչից հեռանալու: