Քայ անունով ծառայողական շունը Լոնդոնի ոստիկանության բաժանմունքից կպարգեւատրվի «Վաստակի համար» շքանշանով 2017 թվականին բրիտանական մայրաքաղաքում երկու ահաբեկչության բացահայտմանն օգնելու համար։ Շունը, ինչպես տեղեկացնում է The Daily Telegraph թերթը, մասնակցել է ոստիկանական գործողություններին՝ կապված 2017 թվականին Վեսթմինսթերի եւ Լոնդոնյան կամուրջների ահաբեկչական գրոհների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ծառայության անցնելուց ընդամենը մի քանի ամիս հետո 3-ամյա սփրինգեր-սպանիելը խուզարկում էր ավտոմեքենան, որը մխրճվել էր Վեսթմինսթերյան պալատի պարսպի մեջ 2017-ի մարտին։ Ինչպես նշում է պարբերականը, Քայը ստուգել է մի քանի տասնյակ շենքեր դրանցում պայթուցիկ հայտնաբերելու համար, Լոնդոնի կամրջի վրա նույն թվականի հունիսին հարձակումից հետո։ «Այս շունը առանձնակի հոտառություն ունի»,- ընդգծել է նրա հետ աշխատող կինոլոգ Ջին Փիրսը։
Քայը յոթ շներից մեկն է, որոնք ծառայում են բրիտանական տրանսպորտային ոստիկանությունում, եւ որոնք աչքի են ընկել ահաբեկչական այն գրոհների բացահայտմանն օգնության գործում, որոնք ցնցեցին Միացյալ Թագավորության մայրաքաղաքը 2017-ին։
«Վաստակի համար» շքանշանը սահմանվել է բրիտանական PDSA կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության կողմից։ Այն շնորհվում է տիրոջն անձնուրաց հավատարմության կամ հասարակության բարօրությանը ծառայելու մեջ աչքի ընկած կենդանիներին։ Շքանշանը կենդանու եւ մարդու միջեւ բացառիկ հարաբերությունների օրինակ է։ Ներկայում շքանշանով պարգեւատրվել են 10 ոստիկանական շուն եւ 10 ձի։
Բացի «Վաստակի համար» շքանշանից, Միացյալ Թագավորությունում կա զինվորական շքանշան, որը տրվում է հերոսությամբ աչքի ընկած կենդանիներին։ Դա Մարիա Դիքինի մեդալն է, որը ստեղծվել է 1943-ին։
2017-ին մեդալով պարգեւատրվել է բելգիական մալինուա ցեղատեսակի Մալի անունով հովվաշունը։ Շունը կարողացել է փրկել թագավորական ՌԾՈւ բրիտանական հատուկ նշանակության ստորաբաժանման (Royal Marine's Special Boat Service, SBS) մի քանի ծառայողի կյանք Քաբուլում թալիբների հետ բախումներից մեկի ժամանակ։ Բացի այդ, գործողության 8,5 ժամվա ընթացքում Մալին կարողացել է հայտնաբերել մի շարք պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ զինվորներին նախազգուշացնել մի քանի ծուղակների մասին։ Քաջ շունը վիրավորվել է կրծքից եւ որովայնից, բայց անասնաբույժները նրան շարք են վերադարձրել։
Անցած տարի շքանշանը, ցավոք, հետմահու ստացավ Քուգա շունը Աֆղանստանում 2011-ին նման ծուղակ հայտնաբերելու համար։ Կրակակոծության տակ հայտնվելով՝ նա չվախեցավ եւ հասավ ահաբեկիչներին՝ շեղելով նրանց ուշադրությունը։ Այս բախման ժամանակ նա հինգ փամփուշտ եւ բեկորային վնասվածքներ ստացավ, բայց կարողացավ լողալով անցնել գետն ու վերադառնալ տիրոջ մոտ։ Քուգան ենթարկվեց բազմաթիվ վիրահատությունների, բայց 2012-ին կնքեց մահկանացուն։
1943-1949 թվականներին Մեծ Բրիտանիայում շքանշան են ստացել ամենատարբեր կենդանիներ, որոնք օգնել են ֆաշիստների դեմ մարտերում։ Ներկայում պարգեւատրվածների ցանկում ընդգրկված են 33 շուն, 32 փոստային աղավնի, չորս ձի եւ մեկ կատու։




























