Դանիայի կողմից Nord Stream 2 ընկերության հայտերի համաձայնեցման ձգձգումը «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցում չի անդրադառնա նախագծի իրականացման վրա, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հաղորդում է RNS-ը։
«Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը կարող է անդրադառնալ «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացման վրա։
Մեկնաբանելով Եվրամիության գազային դիրեկտիվի նոր փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ դրանք բացասական ազդեցություն չեն ունենա նախագծի իրականացման վրա։ «Ես համոզված եմ, որ այդ լրացումները բացասական ազդեցություն չեն ունենա «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացման վրա։ Ակնհայտ է, որ նախագիծն առեւտրային է, դրանում շահագրգռված են եվրոպական ընկերությունները, եվրոպական սպառողները։ Այն իրականացվում է, ներդրումներ են արվում, այն ընթանում է պլաններին եւ ճանապարհային քարտեզին համապատասխան»,- ասել է Նովակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru
Նա հավելել է, որ նոր փոփոխություններն ավելի մեղմ են, քան այն տարբերակը, որը դիտարկվում էր սկզբում, եւ թույլ են տալիս կարգավորողին, որի տարածքով անցնում է գազատարը ծովից ցամաքային ճանապարհով, ինքնուրույն որոշում ընդունել կարգավորման մասին։
Մարտի 27-ին Nord Stream 2 ընկերությունը՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության օպերատորը, տեղեկացրել է, որ Դանիայի էներգետիկ գործակալությունը խնդրել է նախագծի էկոլոգիական գնահատման մեջ ներառել Բորնհոլմ կղզուց հարավ գազատարի անցկացման տարբերակը։ «Հյուսիսային հոսք-2» գազատարն անցնում է Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովով, 1220 կիլոմետր երկարությամբ եւ տարեկան 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։ Այն ուղղակիորեն իրար կկապի ռուսական ռեսուրսային բազան եւ եվրոպական սպառողներին։
2018-ի սեպտեմբերի 5-ին Nord Stream 2 ընկերությունը սկսել է գազատարի խողովակների անցկացումը Ֆինլանդիայի տնտեսական գոտում։ Սպասվում է, որ գազատարի կառուցումը կավարտվի 2019-ի վերջին։





























