2019-ի ապրիլից Բրունեյի սուլթանությունում կսկսեն գործել շարիաթի օրենքները: Ապրիլի 3-ին այս մասին մտադիր է հայտարարել պետության ղեկավար, սուլթան Հասանալ Բոլկիախը եւ այդ ժամանակ էլ դրանք պետք է պաշտոնապես ուժի մեջ մտնեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրենքներն ավելի շուտ էին ընդունվել, բայց դրանցից ամենադաժանների գործնական կիրառումը սուլթանության իշխանությունները որոշել էին 4 տարով հետաձգել միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքի պատճառով:
Դրանք գործելու են միայն մուսուլմանների նկատմամբ: Չի բացառվում, որ դրանք վերաբերելու են նաեւ երեխաներին:
AFP-ն գրում է, որ սուլթանությունում, ըստ շարիաթի, հոմոսեքսուալիզի համար դատապարտվածներին քարերով մահվան են հասցնելու, նույն կերպ պատժելու են նաեւ ամուսնակաան դավաճանությունների համար:
Առաջին գողության ժամանակ կտրելու են հայտնաբերվածների աջ ձեռքը, իսկ գողության երկրորդ դեպքի ժամանակ՝ ոտքը:
Այս նորարարությունների մասին տեղեկությունը հաստատել է Amnesty International-ը եւ մի քանի այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Նրանք դատապարտել են դաժան օրենքները եւ Բրունեյին կոչ արել չկիրառել դրանք` մարդու իրավունքները պահպանելու պարտավորության համաձայն: Բրունեյին նույնիսկ վախեցրել են միջազգային բոյկոտով, սակայն մայրաքաղաք Բանդար Սերի Բեգավանում այս կոչերն անտեսել են: Այս երկրի կրոնական գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ չնայած ամեն ինչին, շարիաթի օրենքներն ուժի մեջ կմտնեն ապրիլից:




























