Հինգշաբթի Մեքսիկայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Պոպոկատեպետլ հրաբխի խառնարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո 3 կմ բարձրությամբ մոխրի հզոր արտանետում է եղել: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով  երկրի Տարերային աղետների կանխման ազգային կենտրոնի (СENAPRED) տեղեկությունները: 

СENAPRED-ի տեղեկություններով՝ մոխրի ամպը քամին տեղափոխում է հարավ-արեւելք՝ Պուեբլա եւ Տլասկալա քաղաքների ուղղությամբ, որոնք գտնվում են հրաբխից համապատասխանաբար՝ 45 եւ 55 կմ հեռավորությամբ:

Պոպոկատեպետլի ակտիվության բռնկման հետ կապված Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հրաբխային սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչեւ «երրորդ՝ դեղին»: Սա վերջին փուլն է սպառնալիքի մինչեւ բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, որի դեպքում տագնապ է հայտարարվում, իսկ բնակչությունը պետք է տարհանման պատրաստվի:

СENAPRED-ը հրաբխին սահմանակից շրջանների բնակչությանը խորհուրդ է տվել պահպանել նախազգուշական միջոցառումներ եւ հրաբխին 12 կմ-ից պակաս չմոտենալ: Միաժամանակ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին հանձնարարվել է հրաբխի շրջակայքում ստուգել տարհանման ճանապարհները, եթե մարդկանց վտանգավոր շրջաններից դուրս բերելու անհրաժեշտություն առաջանա:

Ավելի վաղ Պոպոկատեպետլից մոխրի, գազերի եւ գոլորշու մի քանի հարյուր արտանետում էր կատարվել: 5,42 կմ բարձրությամբ հրաբուխը Մեքսիկայի տարածքում ամենախոշոր եւ ակտիվ հրաբուխների թվում է: