Երկրի ժամը (Earth Hour) գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF)  կողմից եւ ամեն տարի անցկացվում մարտի վերջին շաբաթ օրը: Այսօր՝ նախապես որոշված ժամին, տարբեր երկրների բնակիչները մեկ ժամով անջատում են լույսն ու մնացած էլեկտրական սարքերը, հաղորդում է Calend-ը:

Այս ակցիայի իմաստը մեր մոլորակում կլիմայի փոփոխության խնդրի շուրջ աշխարհի հանրության շրջանում հնարավորինս մեծ ուշադրություն գրավելն է, տվյալ բնապահպանական խնդրի լուծման հարցում միացյալ գործողությունների անհրաժեշտության գաղափարի սատարումը:

Հարկ է նշել, որ «Երկրի ժամը», նախեւառաջ, բնությանը խնամքով վերաբերվելու խորհրդանշական ակցիա է, մեր մոլորակի կլիմայի պահպանման հարցերին եւ դրա սահմանափակ ռեսուրսների խնամքին ուղղված վճռական քայլեր ձեռնարկելու հանրային կոչ է:

Ըստ գիտնականների՝ 2003 թվականին մոլորակի էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությունն այնքան է աճել, որ եթե ժամանակակից միտումները պահպանվեն, ապա 2050 թվականին մարդիկ կունենան երկրորդ մոլորակի անհրաժեշտություն էներգիայի, ջրի, սննդի, թափոնները պահեստավորելու պահանջմունքները բավարարելու համար: Այդ իսկ պատճառով մոլորակը պահպանելու խնդիրը պետք է լուծել միասնական կերպով եւ տարբեր մակարդակներում, իսկ այս ակցիայի միջոցով յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է ցույց տալ իր մտահոգությունը բնական ռեսուրսների նվազեցման խնդրի վերաբերյալ եւ «քվեարկել» առողջ մոլորակի օգտին:

Եւ այսօր Երկրի ժամն աշխարոհւմ ամենամասշտաբային բնապահպանական ակցիան է: Դրանում մասնակցում է ավելի քան 2 մլրդ մարդ 188 երկրներից, որտեղ անջատում են ավելի քան 18 000 ճարտարապետական կոթողների լուսավորումը: