Insurance Quotes ապահովագրական գործակալության մասնագետները հետազոտություն են անցկացրել եւ պարզել՝ օդանավակայանում որն է համարվում ամենաաղտոտված վայրը, հաղորդում է Lenta –ն՝ հղում կատարելով Daily Express-ին:

Այդ նպատակով փորձագետները չափել են մեկ քառակուսի դույմի կտրվածքով վնասակար միկրոօրգանիզմների քանակությունը: Պարզվել է, որ բակտերիաների մեծամասնությունը կուտակվում է ինքնուրույն գրանցման կետերում, քանի որ մարդիկ անդադար հպվում են էկրաններին աղտոտված ձեռքերով: Յուրաքանչյուր կետում միջինում կան 253 857 մանրէներ եւ սնկային բջիջներ մեկ քառակուսի դույմի կտրվածքով:

Ըստ մասնագետների՝ երկրորդ տեղում են նստարաններն ու բազմոցները, որոնց վրա բազմում են ուղեւորներն իրենց չվերթին սպասելիս: Այստեղ միջինում կուտակվում են 21 հազար մանրէներ մեկ քառակուսի դույմի կտրվածքով:

Երրորդ տեղում են ցայտաղբյուրների կոճակները, որտեղ մեկ քառակուսի դույմի կտրվածքով հայտնաբերվել են միջինում 19 հազար մանրէներ: