Համացանցի օգտատերերից մեկը բողոքել է, որ ընկերուհին իր հարսանիքի նվերի համար հավելավճար է պահանջել: Հարսնացուն որոշել էր, որ հյուրը չափազանց էժան նվեր էր մատուցել նրան, հաղորդում է   Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ին:

Կինը պատմել է դեպքի մասին հարսանիքներին նվիրված առցանց հարթակում: Նրա խոսքերով՝ ընկերուհին զանգահարել էր տոնական միջոցառմանն իր երախտիքը հայտնելու նպատակով: Զրույցի ընթացքում նա հիշատակել էր, որ ստացված նվերի արժեքը շատ ավելի ցածր է, քան գումարը, որը նա ծախսել էր հյուրասիրության եւ զվարճանքի համար:

«Սկզբում ես կարծեցի, որ դա սարկազմ է եւ նա կատակում է, սակայն նա միանգամայն լուրջ էր»,-պարզաբանել է կինը:

Հարսնացուն հայտնել էր, որ իր ընկերուհու եւ նրա ամուսնու համար ծախսը կազմել էր 500 դոլար: Նա որոշել էր, որ «արդարացի կլինի», եթե զույգը նվիրի իրեն եւս 300 դոլար:

Հյուրը նշել էր, որ նվիրել էր ընկերուհուն 200 դոլար կանխիկով եւ 75 դոլար արժողությամբ մոմ տան համար: «Ես Ավստրալիայից եմ, եւ մեզ մոտ ընդունված չեն հարսանիքի արժեքի հետ կապված նվերները»,-պարզաբանել է նա իր գրառման մեջ՝ նշելով, որ իր նվերը բավականին լավն էր:

Մեկնաբանություններում օգտատերերն աջակցել են կնոջն ու առաջարկել նրան դադարել շփումն ընկերուհու հետ: «Չի կարելի վճար սահմանել հարսանիքին մասնակցելու համար: Դու հարսնացուին ոչինչ պարտք չես»,-հայտարարում էին նրանք: Շատերը զարմացել են, որ մարդիկ կազմակերպում են շքեղ հարսանիքներ բազմաթիվ նվերներ ստանալու եւ ծախսերը մարելու համար: