Մեքսիկայում միգրանտների առեւանգիչները դատապարտվել են մի քանի հազար տարվա ազատազրկման, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով լատինաամերիկյան երկրի գլխավոր դատախազությանը։

Գերատեսչության տվյալներով՝ չորս հանցագործ ստացել է ընդհանուր 6,7 հազար տարվա ազատազրկում Տամաուլիպասում 2018-ի փետրվարին 117 միգրանտի առեւանգման համար։ Երկու ավազակ դատապարտվել 1,9 հազարական տարվա բանտարկության, եւս երկու մարդ ստացել է համապատասխանաբար՝ ավելի քան 1,7 եւ գրեթե 1,2 հազար տարվա բանտարկություն։ Առեւանգիչները նաեւ պետք է տուժածներին խոշոր գումար վճարեն։

Տամաուլիպաս տխրահռչակ նահանգը հայտնի է մարդկանց, առաջին հերթին՝ միգրանտների հաճախակի առեւանգումներով, որոնք դառնում են թմրակարտելների զոհեր։ Իրավապաշտպանները տեղեկացնում են, որ Մեքսիկայում տարեկան միջինը կատարվում է անլեգալ միգրանտների 20 հազար առեւանգում։ Հանցագործները սովորաբար պահանջում են երկու հազար դոլար մեկ մարդու ազատ արձակելու համար։