Նախօրեին Գյումրիում կախված հայտնաբերված 10–ամյա Դավիթ Գալոյանի մայրը դեռևս ցուցմունք չի տվել. ի վիճակի չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ  Խաչատրյանը։

Նա նաեւ նշեց, որ մայրը նախօրեին կախված է հայտնաբերել երեխային, հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1–ի մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։ Կատարվում է քննչական գործողություններ։ Արեւիկ Խաչատրյանը նաեւ նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հավելենք, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին երեխայի հագին եղած հագուստները:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու բավարար հիմք եւ առիթ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։