Շրջափակման ժամանակ գետտոյում ֆաշիստների կողմից գնդակահարված ավելի քան 1,2 հազար կալանավորների աճյունները բելառուսական Բրեստում բարձրացվել են մակերեւույթ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բրեստի քաղաքային գործադիր կոմիտեին։
Հունվարին Բրեստի կենտրոնում բնակելի համալիրի կառուցման ընթացքում հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից զանգվածային հուղարկավորության վայր։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են։ Շրջափակման տարիներին այդ վայրում տեղակայված է եղել Բրեստյան գետտոն։ Որոնողական աշխատանքներն իրականացրել են հանրապետության ՊՆ 52-րդ առանձնացված հատուկ ջոկատի զինծառայողները։
«Աշխատանքն ավարտված է։ Գնդակահարման փոսի երկարությունը 40 մետր է, լայնությունը՝ 4։ Հայտնաբերվել է 1214 մարդու աճյուն։ Նրանք գտնվել են 1,5-1,8 մետր խորությամբ»,- մեջբերում է որոնողական աշխատանքների ղեկավար, լեյտենանտ Դմիտրի Կամինսկիի մամուլի ծառայությունը։
Կամինսկիի խոսքերով, գտնվել են հագուստի, կոշիկի մասեր, 9 մմ-ոց պարկուճներ, կառուցապատման ենթակա մնացած տարածքը նույնպես ստուգվել է զինծառայողների կողմից։
Շրջափակման ժամանակ ստեղծված Բրեստյան գետտոյում, տարբեր գնահատականներով, եղել է 28 000 հրեա, 1942թ․ հոկտեմբերին նացիստները որոշել են ոչնչացնել այն։ Մոտ 17 000 կալանավորներ գնդակահարվել են Բերեզովսկու շրջանի Բրոնյան բլրի վրա։
Բրեստի կենտրոնում բազմիցս գտնվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զանգվածային հուղարկավորության վայրեր։




























