Ավստրալիայում մեկնարկել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկությունը: Արտասահմանյան ընտրատեղամասում ընտրությունները մեկնարկել են շաբաթ՝ մարտի 30-ին՝ Կիեւի ժամանակով ժամը 23.00-ին, հաղորդում է ԿորրեսպոնդենՏ.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պոգորելցեւին:
«Ավստրալիայի ընտրատեղամասում ընտրությունները մեկնարկել են մարտի 30-ին՝ Կիեւի ժամանակով ժամը 23.00-ին: Նախագահական ընտրությունների քվեարկությունը կավարտվի Սան Ֆրանցիսկոյի տեղամասում ապրիլի 1-ին՝ Կիեւի ժամանակով առավոտյան 6-ին»,-գործակալությունը մեջբերել է դիվանագետի խոսքերը:
Արտերկրում ուկրաինացիները կարող են քվեարկել 72 երկրների 101 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 99 տեղամասեր բացվել են Ուկրաինայի դեսպանատներին եւ հյուպատոսություններին կից, եւս երկու արտասահմանյան ընտրատեղամասեր ձեւավորվել են Ուկրաինայից դուրս տեղակայված զորամասերին կից՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Կոսովոյում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, մեկնարկել են Ուկրաինայում նախագահական ընտրությունները:





























