Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռևս չկան։
«Շատ երկար տևեց, ինչո՞ւ չգիտեմ։ Ասում են, որ Սյունիքի մարզում մեկ դատաբժիշկ կա, նստում է Կապանում, գործերը շատ են, չի հասցնում։ Համբերատար սպասում եմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Գրիգորյանի մայրը՝ Ալինա Սարգսյանը։
Մայրը բացառում է որդու ինքնասպանության վարկածը․ «Ինքնասպանությունը բացառվում է, այդ վարկածը պետք է հանվի։ Ինքը պատճառ չուներ։ Ասում են՝ իրեն դրդել են, որ էդպես է, թող ապացուցեն, ոչինչ չկա»։
Ալինա Սարգսյանը նաև զարմացած է, որ մինչև հիմա տղայի գործով ոչ ոք ձերբակալված չէ. «Ասում են՝ ապացույցներ չկան։ Ես երկու-երեք հոգու կասկածում եմ, բայց հիմնավոր ապացույցներ չունեմ»;
Բացի այդ, լուծված չէ Էդգար Գրիգորյանի 3 անչափահաս երեխաների թոշակի հարցը, որ պետք է հոր մահից հետո ստանային։
«Ասում են, որ որդուս զինվորական գրքույկը Գորիսում է՝ արխիվում, պետք է վերադարձնեն՝ ձևակերպումների համար։ Չգիտեմ՝ ինչու են ուշացնում։ Տանը ոչ ոք չի աշխատում, ինչպե՞ս ենք ապրելու»,- ասաց մայրը։
Ալինա Սարգսյանը հիշեց, երբ վերջին անգամ որդին զանգահարել էր իրեն «ուրախ էր, ես աշխատանքի էի, բարձացել էր պոստեր, ասաց՝ կհանդիպենք ամիս 4-ին...»։
Տիկին Ալինան բնակվում է Մեղրիում և նրա համար դժվար է Երևան գալը, այնուամենայնիվ 20 օրից պատրաստվում է մայրաքաղաք գալ և նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով արդար քննություն։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Ավելի ուշ ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ Էդգար Գրիգորյանը 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր, ընտանիքի միակ տղան, 3 անչափահաս երեխաների հայր:




























