Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն առաջատարն է երկրում ավագանու ընտրությունների ժամանակ, սակայն, թվում է, կորցնում է մայրաքաղաք Անկարայի նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը, հղում անելով թուրքական TRT հեռուստաալիքին, հաղորդում է, որ Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 47 տոկոսը, մինչդեռ ընդդիմությունը՝ 31 տոկոսը:

Այդուհանդերձ, երկրի մայրաքաղաքում ընդդիմությունը հավաքել է ձայների 49.5 տոկոսը:

Ինչպես նշում է պարբերականը, Անկարան համարվում էր ավագանու ընտրությունների հիմնական «մարտադաշտը» եւ դիտարկվում որպես Էրդողանի ժողովրդականության թեստ տնտեսական անկման եւ գնաճի ֆոնին:

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, որոնց ընթացքում արձանագրվել են իրավախախտումներ եւ ծեծկռտուք՝ այդ թվում՝ մահվան ելքով: