Մալայզիայի գերագույն դատարանը Վիետնամի քաղաքացի Դոան Թհի Հիոնգին դատապարտել է 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ գործողությունների մեղադրանքով, որը հանգեցրել է Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվանը, հայտնում է Star պարբերականը:

Փաստաբանը հայտնել է, որ դատախազությունն առաջարկել է մեղադրանքը վերաորակել այլ հոդվածով՝ «կանխամտածված սպանության» փոխարեն, «առողջությանը վնասի պատճառում վտանգավոր տարրերի օգտագործմամբ»: Առավելագույն պատժաչափը կարող էր կազմել մինչեւ 10 տարվա ազատազրկումը, տուգանք, ինչպես նաեւ մարմնական պատիժ մահակների հարվածներով: Միաժամանակ, ավելի վաղ աղջկան սպառնում էր մահապատիժ:

Անցյալ ամիս դատարանի դահլիճից ազատ էր արձակվել մյուս կասկածյալը՝ Ինդոնեզիայի քաղաքացի 26-ամյա Սիտի Այսիան: Պետական մեղադրողը բոլոր մեղադրանքները հանել էր, եւ աղջիկը նույն օրը հայրենիք էր վերադարձել: Դատախազները, միաժամանակ, պնդել են, որ աղջիկներն իմացել են սպանության նախապատրաստման մասին, այդ պատճառով նրանց համար մահապատիժ էին պահանջում: Իսկ փաստաբանները համոզված են, որ աղջիկները թունավորման ծրագրերին անտեղյակ էին, այլ մասնակցել են միայն խաղի, որը նկարվում էր թաքնված տեսախցիկով:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը մահացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ոստիկանության հաղորդմամբ՝ նա գանգատվել է ուժեղ գլխապտույտից՝ պատմելով, որ ինչ-որ մեկն իր դեմքին անհայտ հեղուկ է ցողել, որից հետո փախուստի է դիմել: Մալայզիայի իշխանությունները հայտարարել էին, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարող VX նյութի ազդեցության հետեւանքով: