ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը ժամանել է Քաբուլ, որպեսզի 17-ամյա պատերազմը դադարեցնելու շուրջ թալիբների հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ հանդիպի աֆղանցի պաշտոնատար անձանց հետ՝ հայտնում է AFP-ը։

Խալիլզադը հայտնել է, որ ինքն արդեն հանդիպել է կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, որոնք պատասխանատու են խաղաղ գործընթացի համար։ «Մենք քննարկել ենք ներաֆղանական երկխոսության առաջընթացի հրատապությունը»,- գրել է Խալիլզադը։

Խալիլզադի եւ թալիբների միջեւ բանակցությունների վերջին փուլը Դոհայում սկզբնապես պետք է երկու օր տեւեր, սակայն երկարաձգվեց 16 օր։ Խալիլզադը հայտարարել էր, որ գրանցվել են «իրական հաջողություններ»։

Պետդեպը ավելի վաղ հայտարարել էր, որ Խալիլզադի այցը «խաղաղ գործընթացին նպաստելու ընդհանուր ջանքերի մի մասն է»։ Սակայն մինչ այժմ Քաբուլի կառավարությունը բանակցություններին չի մասնակցել։ Թալիբնբերը հրաժարվում են բանակցել Աֆղանստանի իշխանությունների հետ՝ նախագահ Աշրաֆ Հանիի աշխատակազմը համարելով «Արեւմուտքի խամաճիկ»։