Ուկրաինայի Կենտրոնական ըհտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 90,08 տոկոսը՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցի թղթակիցը, արձանագրությունների մշակման արդյունքներով՝ ձայների մեծ տարբերությամբ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ում օգտին քվեարկել է ընտրողների 30,26 տոկոսը։

Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 15,99 տոկոսը, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի օգտին՝ 13,35 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին՝ 11,53 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 7 տոկոսը, ինքնաառաջադրված Իգոր Սմեշկոյի օգտին՝ 5, 97 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 5,43 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինք-Խաղաղության եւ զարգացման կուսակցության» թեկնածու Ալեքսանդր Վիլկուլի օգտին՝ 4,24 տոկոսը, «Ազատություն» կուսակցության թեկնածու Ռուսլան Կոշուլինսկիի օգտին՝ 1,65 տոկոսը։ Բոլոր մյուս թեկնածուները հավաքել են 1 տոկոսից քիչ ձայն։ Ընդհանուր առմամբ՝ հաշվվել է 16 մլն 821 հազար 314 քվեաթերթիկ։