Ամեն տարի ապրիլի 2-ին՝ Դանիայից մեծ հեքիաթագիր Հանս Քրիսթիան Անդերսենի ծննդյան օրը, աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children's Book Day): Օրը հիմնադրվել է 1967 թվականին Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ ու որոշմամբ, հայտնում է Calend-ը:  

Միջոցառման կազմակերպիչներն այս օրը հատուկ խանդավառությամբ շեշտելով, որ անհրաժեշտ է լավ գրքեր սկսել կարդալ վաղ տարիքից, քարոզում են Երկրագնդի նոր սերունդների հոգեւոր եւ մտավոր կերպարի ձեւավորման մեջ մանկական գրքի մշտական դերը: Օրվա նպատակների թվում է նաեւ ուշադրության գրավումը մանկական գրականության, գրքի արվեստի ու երեխաների համար գրքային մշակույթի, մանկական գրքերի հասանելիության խնդիրների եւ մանկական ընթերցանության տարածման հանդեպ:

Հարկ է ասել, որ մանկական գրականությունը համեմատաբար վերջերս է հայտնվել: Մինչեւ 17-րդ դարի կեսը երեխաներին հեքիաթները հիմնականում պատմում էին կամ նրանք կարդում էին գրեթե այն, ինչ իրենց ծնողները, օրինակ՝ առակներ: Բայց մանկական ընթերցանության շրջանակը հիմնականում հանգում էր Աստվածաշնչի ուսումնասիրմանը: Երեխաները 18-րդ դարում արդեն կարդում էին այսօր հանրահայտ այնպիսի ստեղծագործություններ, ինչպես Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» եւ Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը», պակաս հանրահայտ չէին արեւելյան հեքիաթների ժողովածուները: Եվ միայն 19-րդ դարում նրանք կարողացան ընթերցել հատուկ իրենց համար գրված ստեղծագործություններ, մասնավորապես՝ Գրիմ եղբայրների եւ Հ. Ք. Անդերսենի հեքիաթները, որն իր ավանդն է ունեցել մանկական գրքերի ստեղծման մեջ:

Ներկայումս մանկական գրականությունը գրական առանձին ուղղություն է: IBBY-ի Ազգային բաժանմունքներից մեկն ամեն տարի այս հրաշալի տոնի հովանավորը դառնալու պատվավոր իրավունք է ստանում:

Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում տեր երկրից հայտնի գրող, որ գրի մոլորակի երեխաներին ուղղված ուղերձը: Նաեւ հայտնի նկարիչ է հրավիվում, որ պատրաստի Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:

Մանկական գրքի օրը (երկու տարին մեկ) մանկագիրներին եւ նկարիչներին շնորհվում է գրական այս ասպարեզում գլխավոր եւ ամենահեղինակավոր մրցանակը՝ Հ. Ք. Անդերսենի անվան միջազգային մրցանակը՝ հանձնելով ոսկե մեդալ (այն նաեւ անվանում են «Փոքր Նոբելյան մրցանակ»): Ականավոր հեքիաթագրի կիսադեմով ոսկե մեդալը շնորհվում է Մանկական գրքի միջազգային խորհրդի հերթական կոնգրեսում, ինչպես եւ Պատվոգիրը մանուկների համար առանձին գրքերի համար, որը շնորհվում է մանկական գրքերի նկարազարդման եւ աշխարհի լեզուներով դրանց լավագույն թարգմանության համար: