Լեհաստանի Կոշալին քաղաքում կաթոլիկ հոգեւորականները գրքերի եւ իրերի այրման ակցիա են անցկացրել, որոնք, նրանց կարծիքով, կապված են մոգության հետ: Խարույկում է հայտնվել «Հարրի Փոթեր եւ գաղտնի սենյակ» հանրահայտ սագայի երկրորդ գիրքը: «Հաղորդագրություն Երկնքից» կաթոլիկ հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ կրակն են նետում Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» սերիայի վամպիրների մասին գրքերը, ինչպես նաեւ հնդիկ գուրու Օշոյի գիրքը, հայտնում է Esquire-ը:
Հոգեւորականները գրքերից բացի, այրել են աֆրիկական դիմակ, Արեւելյան Ասիայի կրոնական պաշտամունքի արձանիկներ եւ նույնիսկ Hello Kitty-ի մանկական հովանոց:
Մեկնաբանություններում ակցիան կոշտ քննադատության է արժանացել: Օգտատերերը հիշել են նաեւ Հայնեից մեջբերում. «Այնտեղ, որտեղ գրքեր են այրում, վերջիվերջո՝ կայրեն նաեւ մարդկանց»: Այս բառերը մարգարեական են համարվում, քանի որ 1930-ական թվականներին նացիստական Գերմանիայում տեղի էր ունեցել գրքերի ցուցադրական այրման զանգվածային արշավ, որոնք չէին համապատասխանում նացիոնալ-սոցվիալիզմի գաղափարախոսությանը: Դրանք ներառում էին հրեա գրողների գործերը:




























