Singapore Airlines (SIA) ավիաընկերությունը դադարեցրել է Boeing 787-10 Dreamliner ինը ինքնաթիռներից երկուսի շահագործումը շարժիչների խնդրի հետ կապված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Straits Times թերթին։

Ինչպես հայտարարել են Singapore Airlines ընկերությունում, պլանային ստուգման ժամանակ հայտնաբերվել է Rolls-Royce-ի Trent 1000 որոշ շարժիչների ժամանակից շուտ մաշվածություն, որոնցով համալրված է ինքնաթիռի այս մոդելը։

«(Boeing) 787-10 երկու ինքնաթիռ հանվել է շահագործումից մինչեւ շարժիչների փոխելը»,- ասվում է ընկերության հայտարարությունում։

Նշվում է, որ ավիագծերը Rolls-Royce ավիաընկերության հետ քնարկում են նախազգուշական հավելյալ միջոցներ։

Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որտեղ 157 մարդ կար, ներառյալ անձնակազմի ութ անդամները, կործանվեց եթովպական Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու։ Սա այս մոդելի ինքնաթիռների երկրորդ կործանումն էր հինգ ամսվա ընթացքում, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կործանվել էր ինդոնեզական Lion Air ավիաընկերության օդանավը։  

Աղետից հետո մոտ 20 երկրներ փակեցին իրենց տարածքը այս մոդելի ինքնաթիռների թռիչքի համար, դադարեցրին Boeing 737 MAX 8-ի շահագործումը նաեւ այլ ավիաընկերություններ։ Ամերիկյան Boeing կոնցեռնը, չնայած 737 MAX-ի անվտանգության մասին հայտարարությանը, այնուամենայնիվ, խորհուրդ է տվել ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությանը (FAA) դադարեցնել այդ մոդելի բոլոր օդանավերի թռիչքները։