Կանադայում օդի ջերմաստիճանն ավելի արագ է բարձրանում, քան աշխարհի մյուս մասերում։

Դաշնային կառավարության կլիմայական զեկույցը նույնպես նախազգուշացնում է, որ փոփոխություններն արդեն ակնհայտ են երկրի շատ մասերում, եւ ըստ կանխատեսումների, կուժեղանան՝ հայտնում է BBC-ն։

Զեկույցում ենթադրվում է, որ դիտարկվող արդյունքներից շատերն արդեն անդառնալի են։

Կանադայում միջին տարեկան ջերմաստիճանը 1948 թվականից, երբ առաջին անգամ գրանցվել են ազգային ջերմաստիճանները, բարձրացել է մոտ 1․7 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։

Ջերմաստիճանի ամենաշատ բարձրացում դիտարկվում է Բրիտանական Կոլումբիայի հյուսիսում։ Հյուսիսային Կանադայում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտ 2,3 աստիճանով։

Գլոբալ տաքացման ազդեցությունը Կանադայի շրջակա միջավայրի վրա ներառում է ավելի էքստրեմալ եղանակային պայմաններ։

Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է նշանակել շոգի ուժեղացում եւ հրդեհների, երաշտի վտանգ։

Սպասվում է, որ օվկիանոսները կդառնան թթվածնով ավելի քիչ հագեցած, ինչը նույնպես կարող է վնասել կենդանական աշխարհին։